Ապրիլի 29-ին Պարի միջազգային օրն էր, և Կարապի լճում անցկացվեց մի հիանալի միջոցառում: Այն եզակի չէր: Նման միջոցառումներ արդեն 6-7 տարի է՝ անցկացվում են «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի կողմից: Այս ամենի ֆոնին ուզում եմ անդրադառնալ մեր երգն ու պարը դպրոց մտցնելու ծրագրին: Այստեղ առկա են մի քանի բաց հարցեր: Նախ՝ շատերը չեն տարբերակում ժողովրդական և ազգային երգն ու պարը իրարից: Այս բացը լրացնելու համար լուրջ աշխատանք պիտի տարվի և տարվում է: Երկրորդ՝ մաքուր ազգային պար ասելով չպիտի հասկանալ կաղապարված, քարացած մի բան, բայց նաև չպիտի հասկանալ իր իմաստն ու որակը կորցրած մի բան: Օրինակ՝ ժողովրդական պարերում ազգայինի տարրեր կան, բայց դրանք ազգայինի տեսանկյունից իմաստազրկված և որակազրկված են, այսինքն՝ չեն կարող դիտարկվել որպես ազգային: Դրանք բացառապես բեմի համար են: Հակառակ դեպքում բեմից դուրս էլ տարածում կստանային: Իհարկե, դրանք էլ գոյության իրավունք ունեն, և ում հաճելի է, կարող է դա ընտրել: Բայց պետք չէ դա նույնականացնել ազգայինի հետ: Քանի որ չի կարող տարբեր ժողովուրդների պարերի համաձուլվածքը, համեմված բալետային շարժումներով, լինել ազգային: Չորրորդ՝ երգը պարից անջատելու մասին շատ է խոսվել ու բավական է Կոմիտաս ուսումնասիրել, կամ Սրբուհի Լիսիցյան, կամ Սևակի խոսքերին ականջալուր լինել, ու կհասկանանք, որ խորհրդային ժամանակահատվածում իրականացված տարանջատումը և այլ մշակույթների հետ համաձուլումը կոտրել են մեր ազգային երգ ու պարի մեջքը: Բայց հուրախություն մեզ, վերջին տարիներին այդ բացը կամաց-կամաց շտկվում է: Հինգերորդ՝ դպրոց պիտի մտնի ազգային պարը, ոչ թե ժողովրդականը: Ժողովրդականի մուտքը նման կլինի նրան, որ, ասենք, մենք սկսենք սովորել կիսահայերենի, կիսառուսերենի, կիսահունարենի մի ինչ-որ խառնուրդ ու անունը դնենք հայերեն: Այսինքն՝ մենք պիտի ունենանք նաև ազգային երգ ու պարի բարձրագույն հաստատություն, որի օգնությամբ ոչ միայն կվերականգնվեն ու կպահպանվեն մեր ազգային երգն ու պարը, այլև կզարգանան: Ժողովրդական պարը զարգացում չէ, այլ տարբեր մշակույթների համաձուլվածք: Ինչպես մեր մտավորականներից մեկն է ասում՝ ժողովուրդը դա տեղանքային և տվյալ պահի մեջ բնորոշվող երևույթ է, օրինակ՝ «կովկասյան ժողովուրդներ» հասկացությունը: Իսկ ազգը շատ ավելի խոր բնորոշում ունի՝ ծագում, լեզու, մշակույթ, հող, պատմություն, արժեհամակարգ, ինքնություն, նվիրում և այլն: Վեցերորդ՝ դպրոց պիտի մտնի ազգային երգն ու պարը նաև նրա համար, քանի որ այն կիրառելի է մեր կենցաղում, իսկ բեմական պարերը կիրառելի չեն: Ինչպես նաև բեմական պարեր պարողները պիտի ունենան համապատասխան ֆիզիկական տվյալներ: Իսկ ազգային պարերը կարող են պարել բոլորը: Յոթերորդ՝չանտեսելով նյութական միջոցների կարևորությունը, այնուամենայնիվ պետք չէ կառչել դրանից և պիտի եղած միջոցներով փորձել անել անհնարինը: Երբ չեն մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Եթե սպասենք այդ միջոցների առկայությանը, շատ ավելի մեծ կորուստներ կունենանք: Միշտ էլ շարժիչ ուժը եղել են նվիրյալները և այսօր էլ նրանց պակասը չկա: Եվ վերջապես, այն ոգեղենությունը, որը ստանում ենք ազգային երգ ու պարից, ոչ մի այլ բանից չենք կարող ստանալ: Իմ օրինակով ներկայացնեմ: Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ և 7 տարի առաջ՝ 29 տարեկան հասակում, առաջին անգամ հարաբերվել եմ ազգային երգ ու պարի հետ: ՈՒ դա եղավ այն կետը, որից հետո ես ինքս ինձ համար գտա իմ ազգային պատկանելության կարևորությունը, դրա ճանաչողության ուղին, դրա ոգեղենացնող ալիքը, և այդ ամենը իմաստավորում է իմ շրջապատում ամեն ինչ՝ իմ անելիքներն ու իմ լինելությունը:
Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ